Երկար, դեղին և սպիտակ մազիկներով ծածկված, բազմամյա գետնամերձ անցողուն բույս է։ Տերևներն ունեն 2-6 սմ երկարություն։ Տերևիկները 9-15 զույգ են։ Ծաղկակիրները թույլ են և ծաղկաբույլի հետ միասին ունեն 2,5-8 մմ երկարություն։ Ծաղկաբույլը սակավածաղիկ է, պտղի ժամանակ չերկարացող և 4-10 ծաղիկներով։ Պսակը բաց երկնամանուշակագույն է։ Դրոշն ունի 17-20 մմ երկարություն։ Մինչև 20 մմ երկարությամբ ունդերը ձվաձև-երկարավուն են, թեթևակի կորացած և կարճամազ[1]։
Հանդիպում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Զիարեթ, Հատիս և Քյանքան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան Անդրկովկասում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։
Աճում է ենթալպյան և ալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-3300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։